Հոգեհանգիստ Սբ. Սարգիս եկեղեցում

Սիրելի Հայրենակիցներ,

«Մուսալեռ» Հայրենակցական միության և երիտասարդական թևի նախաձեռնությամբ ԱՀԹ առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցում փետրվարի 22-ին՝ կիրակի օրը, ժամը 12.00-ին, տեղի կունենա հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ 4100 մուսալեռցիների ազատարար ծովակալ Լուի Դարթիջ դե Ֆուրնեի:

Լուի Դարթիջ դե Ֆուրնեն ծնվել է 1856թ.-ին Պուտանգեսում (Ֆրանսիա) և մահացել է 1940թ.-ին: 1909թ.-ին դարձել է ֆրանսիական ծովակալ: Մասնակցել է Բալկանյան պատերազմին (1912-1913): Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ` 1915թ.-ի փետրվարի 15-ին նշանակվել է ֆրանսիական 3-րդ նավատորմի հրամանատար և հաստատվել է Սիրիայում: Այդ նավատորմի պարտականությունն էր Թուրքիայի ծովային հարձակումները կասեցնելը:

Այս ժամանակշրջանում Մուսա լեռան ժողովուրդը ապստաբել էր Թուրքական պետության դեմ, բարձրացել էր Մուսա լեռը և անհավասար կռիվ էր մղում թուրքական բանակի դեմ` հույս ունենալով, որ որևէ ռազմանավ իրենց օգնության կհասնի: Այդ պատճառով մեծ խաչ էին պատրաստել լեռան վրա ու պարզել ծովի ուղղությամբ: Երբ այս նավատորմը անցնում էր այս շրջանով, ծովակալը նկատեց խաչը և մոտեցավ դեպի ծովափ: Մուսալեռցիները արդեն պատրաստել էին նամակ երկու լեզուներով` անգլերեն և ֆրանսերեն, և լողալով մոտեցան ռազմանավին ու նամակը հանձնեցին նավապետին` խնդրելով կանանց և երեխաներին ապահով տեղ տեղափոխել, ինչպես նաև զենք տրամադրել` կռիվը շարունակելու համար: Նավապետը, չսպասելով Ֆրանսիայի կողմից ուշացող թույլտվությանը, իր պատասխանատվությամբ ողջ ժողովրդին տեղափոխեց Պորտ Սաիդ (Եգիպտոս):

Մեկնաբանություններ չկան

Վերլուծական հոդված Մուսա լեռան հուշարձանի մասին

Սիրելի Հայրենակիցներ,

Ստորեվ ձեզ ներկայացնում ենք ճարտարապետ Դավիթ Ստեփանյանի վերլուծական-մեկնաբանական հոդվածը Էջմիածնի ճանապարհին կառուցված Մուսա Լեռան Հուշարձանի մասին:

«ՄՈՒՍԱԼԵՌ» Հայրենակցական Միության երիտասարդական թևի վարչություն

Մուսա Լեռան Հուշարձանը

ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ

Ապարանի, Հաճընի և Մուսա Լեռան հուշարձանները կարծես հերոսական եռապատում լինեն, որոնք ամբողջացնում են Ռաֆայել Իսրայելյանի վերջին շրջանի ճարտարապետական խոսքը:

Համանուն վայրերում առանձին կանգնած այս կոթողները շատ տարբեր են միմյանցից, բայց ունեն նաև խիստ որոշակի ընդհանրություններ: Երեքին էլ բնորոշ է քանդակայնությամբ ու պատմողականությամբ հագեցած հորինվածքը, որտեղ կարևորվում և կառույցի անբաժան, օրգանական մաս են կազմում ճարտարապետագեղարվեստական մանրամասները: Մոդեռնիստական հղկվածությունը, որն Իսրայելյանի մոտ, ինչպես միշտ,  զերծ է օտարամուտ տարրերից, և ներկայանում է մաքուր, հայկական ոճավորմամբ, սրանցում առավել ցայտուն է արտահայտված վաղ շրջանի գործերի համեմատ: Հուշարձանների հերոսական բնույթի ընկալմանն է նպաստում քարի սև կամ կարմիր գույնի ընտրությունը:

Այս երեք կոթողը մոտ են նաև իրենց մասշտաբային չափերով:

ՀուշարձանԿամար

Միջավայրի մեջ, սակայն, ամենաիշխող տեսքն ունի Մուսա լեռան կոթողը, որն իր վառ կարմրավուն երանգով առանձնանում և աչքի է ընկնում տեղանքում:
Դեռ հեռվից ուրվագծվում է նրա հորինվածքը, որպես մի ծանր, սեղանաձև քարաբեկոր՝ ամուր ու հաստատուն կանգնած հողի վրա: Այն օժտված չէ դինամիկ նկարվածքով, ինչն անհանգիստ մարտական տրամադրություն է արտահայտում մյուս երկու կոթողներում և, հատկապես ազդեցիկ է արված Ապարանի հուշարձանի հյուսիսային կողմի վրա: Սակայն ստատիկ կեցվածքն այստեղ առավել շեշտում է անառիկության ու անսասանության գաղափարը:

Երևանից Էջմիածին տանող մայրուղուց դեպի աջ թեքվող ճանապարհը բերում է հուշարձանի մոտ բարձրացող աստիճանների ստորին հարթակի մոտ: Պարզ ու հասարակ բազալտե աստիճաններ են դրանք, որոնք այցելուին ստիպում են որոշակի տարածություն հաղթահարել Արարատյան դաշտավայրի կիզիչ արևի ներքո: Առջևում հուշարձանի խուլ զանգվածն է՝ կենտրոնական մասում արտահայտված մեծ որմնաքանդակով: Վահանի նման պատսպարող ու անդրադարձնող կերպար կա մեկ հարթությամբ վեր խոյացող այդ քարե մակերևույթի մեջ:
Խիստ ու չոր նրա պատկերը կարծես նաև արտացոլումը լինի տափաստանային տեղանքի: Ամեն կարգի էկզոտիկ ելևեջներից զուրկ հարթավայրը միավորվելով երկնքի հետ՝ ֆոնային համադրություն է դառնում հեռանկարում միակ բնական դոմինանտ հանդիսացող Արարատ լեռան համար: Այս համայնապատկերի վրա տեսարան է բացվում հուշարձանի փռված կամարային բացվածքից, որը տվյալ ճակատի միակ ցայտուն ծավալային փորվածքն է: Նման ձեռագիր է թողել Իսրայելյանը նաև Չարենցի կամարում, միայն թե այնտեղ կամարաձև շրջանակը գլխավոր փիլիսոփայությունն է ամբողջ կառույցի: Այստեղ նույն ստվերապատ մուտքն առավելապես հրավիրող ու կանչող նշանակություն ունի: Առանց նրա՝ վանող ու միապաղաղ կդիտվեր պատի խլությունը:
Սրբատաշ շարվածք ունեցող հսկա պատերը վերնամասում ամեն կողմից շեշտված ավարտ ունեն, և նույնացվում են բերդապարսպի աշտարակի հետ: Սակայն մայրուղուն նայող եռատամ վերջավորության վրա պատկերված արծվի ուրվանկարն ամբողջ հորինվածքը դարձնում է կանգնած արծվի մի քանդակ: Պատահական չէ այս դեպքում՝ կամարի փռված լինելն ու սեղանաձև ծավալի հիմքի մասում լայնանալը: Որևէ ուրիշ տիպի բացվածք չէր կարող արտահայտել արծվի հաղթական կեցվածքը: Դասական, սլացիկ կամարի դեպքում, օրինակ, արծիվը երկչոտ կանգնվածք կունենար:
Հուշարձան

Կոնստրուկտիվ աշխատանքի տեսանկյունից, եթե դիտարկենք՝ կամարի տարահրման ուժը մեծանում է նրա փռվածքին համարժեք չափով: Այս դեպքում տվյալ բացվածքը երկու կողմից էլ ունի պատերի բավարար երկարություն՝ լարմանը դիմակայելու և կամարից եկող տարահրման ուժը մարելու համար: Պատերի այդ երկարություները վիզուալ առումով ընկալվում են, որպես “արծվի” ոտքերի հաստություններ: Կարելի է ասել, որ լարվածության ու ամրության հաշվարկը մեկնաբանված է գեղագիտորեն, և “արծվի հզորր ոտքերը հաստատակամորեն հենված են հողի վրա”:
Հուշարձանի կամարներն իրականում երեքն են: Դրանք հստակորեն արտահայտելով կառույցի տեկտոնիկան՝ իբրև կրող պատերի բացվածքներ, հոգեբանորեն ևս հուսալիության զգացում են ներշնչում:
Կառույցի ձևի մեջ ակամա կարելի է հայտնաբերել Սարդարապատի հուշահամալիրի քանդակազարդ պատի, կամ Էջմիածնի բակում տեղադրված խաչքարի վրա պատկերված արծվների նույն կեցվածքն ու համաչափությունները: Ոտքերն ուսերի լայնությամբ բացած, իրանով ուղղահայաց, դեմքով պրոֆիլային պատկերված արծիվներ են դրանք, որոնց կարելի է հանդիպել նաև հեղինակի բազմաթիվ էսքիզներում:

Արծիւ

Ճարտարապետությունը քանդակի մեջ տեսնելու իսրայելյանական մոտեցումը ամենավառ կերպով իրականացվել էր Սարդարապատում՝ ցուլերի ու պահապան արծիվների տեսքով: Բայց այնտեղ քանդակ են՝ առանձին կանգնած պատերն ու ստելաները: Մուսա Լեռան կոթողը քանդակ է ամբողջ կառույցի:
Կատարողական առումով սկզբունքային մի հետարքրքիր տարբերություն կա այս երկու հուշահամալիրներում: Սարդարապատը՝ քանդակային ճարտարապետություն է, Մուսա Լեռը՝ ճարտարապետական քանդակ: Նրանում քանդակն արտահայտված է մաքուր ճարտարապետական լուծումներով: Միայն դեկորատիվ փորագրությունն է սրամտորեն հուշում, որ ամբողջ ծավալը միաժամանակ համատեղվում է առասպելական թռչնի կերպարին:
Արծվի տեքով անառիկ այս ամրոցը սիմետրիայի և ասիմետրիայի համադրման զուսպ ու հետարքրքիր լուծումներ ունի: Խիստ սիմետրիկ նկարվածքներով երկու հիմնական ճակատը տարբեր են իրարից, կողային ճակատները նույնն են, բայց ասիմետրիկ են: Արդյունքում սիմետրիային բնորոշ հստակությամբ ու ծանրությամբ հագեցած հուշարձանը, չկրկնվող դիտակետեր և անկյունային կողմերից ավելի ազատ նկարվածք ունի:

Հուշարձանը տարբեր կողմերից

Ցայտուն է արտահայտված ժողովրդական ճարտարապետության ոգին հատկապես հյուսիսային ճակատի վրա: Նորից ամրոցային ոճավորմամբ մշակված, բայց ավելի ջերմ ու հյուրընկալ տեսարան է բացվում այս կողմից: Պատային հարթությունների՝ իրար հաջորդող հերթագայության շնորհիվ, ամբողջովին ընթեռնելի է դառնում կառույցի ծավալատարածական հորինվածքը՝ հարստանալով լույս ու ստվերային անցումներով: Արտահայտիչ է երկու կողմից բարձրացող քարե աստիճանների բազրիքը, որը կամարաձև բացվածքի վրա գեղեցիկ հայկական շքամուտք է ձևավորում:
Կենտրոնական, առանցքային մասում տեղակայված թանգարանի մուտքի դուռը կոմպոզիցիոն առումով դիտվում է, որպես տվյալ ճակատի սիմետրիան շեշտող և ներքևի շքամուտքային մասն աշտարակաձև վերնամասի հետ կապող, հավաքող մի հանգույց:
Ներսի տարածությունն ամբողջովին քարապատ է, և իրենից ներկայացնում է խուլ պատերի մեջ ընկած, ձգված, ուղղանկյուն մի ծավալ, որտեղ միակ լույսի աղբյուրը բարձր առաստաղի տակ գտնվող 4 քառակուսի լուսամուտն են: Ֆոլկլորային իմաստ փնտրելու դեպքում՝ այս 4 լույսը կարելի է խորհրդանշական դիտել: Մուսա Լեռան ինքնապաշտպանության 40 օրվա ընթացքում 4 թեժ հարձակում է տեղի ունեցել թուրքերի կողմից, որոնք ավարտվել են հայերի ջախջախիչ հաղթանակով:

Դրսից նայելիս՝ ուշագրավ են լուսամուտների կողքերից վեր խոյացող ատամնավոր ելուստերը, որոնք թեպետ՝ առավելապես ընկալվում են, որպես ամրոցային էլեմենտներ, բայց իրենց մասշտաբայնությամբ և ընգդծված պարզ քիվային ավարտով խաչքարի համաչափություններ են հիշեցնում: Նման ատամնաշարեր ունեին Կիլիկյան Հայաստանի ամրոցները: Էսքիզային աշխատանքներում կան սրանց նախշազարդ տարբերակները:

Կիլիկյան ամրոցների նմանություն

Ճարտարապետական կառույցի վրա դրվագներով բացահայտվող և յուրովի մեկնաբանված խաչքարի մշակումներ՝ շատ դեպքերում խուլ, միայն ուրվագծով արտահայտված, հետագայում տարածում գտան Իսրայելյանի դպրոցի լավագույն շարունակող Ջիմ Թորոսյանի գործերում:
Մուսա Լեռան հուշարձանն առանձնահատուկ է իր կատարման մաքրությամբ, լակոնիզմով, ծավալների մասշտաբային համապատասխանությամբ: Հավանաբար ավելի հաջողված կլինեյին նաև գեղարվեստաարտահայտչական մանրամասները, եթե վարպետը հասցներ տեսնել իր նախագծի իրականացումը: Թվում է, թե ավելի հմտորեն կներգծվեր արծվի կիսադեմն ուղղանկյուն ընդհանուր ծավալին, նաև կենտրոնական որմնաքանդակի մեկ այլ տարբերակ, գուցե, կլիներ այդ նույն ճակատի վրա: Արա Հարությունյանի աշխատանքը, չնայած վարպետորեն կատարմանը, երկրորդ ձեռագիր ու տրամադրություն է մտցնում ստեղծագործության մեջ:
Հուշարձանի ծավալատարածական յուրահատկություններից են քարի մեծ մակերեսներն ու նրանց ողղանկյուն, սուր եզրեր գոյացնող անցումները: Այդ անխոռոչ պատային հարթություները պարփակվածության, կարծրության ու անմատչելիության զգացողություն առաջացնելով՝ միաժամանակ վեհություն ու հանգստություն են ներշնչում:
Կառույցի ծանր կերպարն ամենից շատ աշխուժացնում և դրան մոնումենտալություն են հաղորդում “արծվի” թևերը, որոնք համընկնում են կողային ճակատներին և ունեն ամբողջ բարձրությամբ ձգված երեքական հզոր նիստ: Որպես կոշտության կողեր՝ դրանք բարձրանում են կրող պատի վրա, որը դուրս է գալիս ընդհանուր ծավալից որոշակի թեքությամբ:

Մուսալեռան Հուշարձան

Մի տեսակ պատի այդ թեքությունը հիշեցնում է Կիլիկյան հայաստանում առաջինը կառուցված, նույն հերոսամարտին նվիրված հուշարձանի մի հատվածը, որը ֆրանսիական փրկարար նավի պատկերն էր ներկայացնում: Այդ հուշարձանն ավիրվել է, կա միայն նրա լուսանկարը, որի զարդաքանդակն Իսրայելյանն արել է թանգարանի մուտքի ճակատային մասում:
Արարատի դիմաց կանգնած կոթողը ինչ որ նմանություն ունի նաև Կիլիկյան Հայաստանում մնացած Մուսա լեռան հետ: Ծովափին կանգնած լեռը նորից սեղանաձև ուրվագիծ և թեթևակի նշմարվող եռագագաթ ավարտ ունի:

Մեկնաբանություններ չկան

Մուսա լեռան հերոսամարտի 99–ամյակ | 10-14 սեպտեմբեր, 2014, Այնճար

Anjar Logo

* Չորեքշաբթի 10 Սեպտեմբեր , 2014-ի, երեկոյեան ժամը 8.00-ին,
«Մուսա Լերան Բարբառին եւ Բառարանին» նուիրուած երեկոյ
Հեղինակութեամբ ՝ Յակոբ Բամպակեանի:
«Սարգիս Զէյթլեան» Կեդրոն.

* Հինգշաբթի 11 Սեպտեմբեր, 2014-ի,երեկոյեան ժամը 6.00-ին,
Այնճարցի երիտասարդ արուեստագէտներու ցուցահանդէս:
«Գ.Կիւլպէնկեան » սրահ

* Հինգշաբթի 11 Սեպտեմբեր, 2014-ի, երեկոյեան ժամը 8.00-ին,
Գրաքննադատ Պօղոս Սնապեանին նուիրուած հատորի շնորհահանդէՀեղինակ ՝ Կարօ Յովհաննէսեան :
«Սարգիս Զէյթլեան» Կեդրոն.

* Ուրբաթ 12 Սեպտեմբեր,2014-ին , երեկոյեան ժամը 8.00-ին,
Մուսա լերան տոհմիկ երեկոյ
կազմակերպութեամբ՝ ԼՕԽ-ի « Աղթամար» մասնաճիւղին :
« Սարգիս Զէյթլեան» կեդրոնի շրջափակին մէջ.

* Շաբաթ 13 Սեպտեմբեր,2014-ի ,երեկոյեան ժամը 9.00-էն սկսեալ
ժողովրդային տօնախմբութիւն Մուսա լերան Յուշարձանին մօտ :
Պատգամախօս՝ Տոքթ. Յովհաննէս Թասլաքեան
Մատաղի պատրաստութիւն «Ս. Պօղոս» եկեղեցւոյ թաղական խորհուրդին կողմէ :
* Կիրակի 14 Սեպտեմբեր, 2014-ի,
Առաւօտեան Ս. Պատարագ եւ Մատաղի օրհնութիւն եւ ցրւում կէսօրուայ ժամը 12.00-ին :

Մեկնաբանություններ չկան

Մուսալեռցի Հարություն Դերմիշյանը Նանջինգ-2014 օլիմպիադայում


Օգոստոսի 16-ին Չինաստանում մեկնարկող Նանջինգ-2014-ի պատանեկան Oլիմպիական խաղերում Հայաստանի անունից ձյուդո մարզաձևում 66 կգ քաշային կարգով հանդես կգա Մուսալեռցի Հարություն Դերմիշյանը:


Մուսալեռցի Հարություն Դերմիշյանը Նանջինգ-2014 օլիմպիադայում

Հարությունը ծնվել է 1996 թվականի ապրիլի 6-ին, Երեւանում: Նանջինգ-2014 պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիրը նվաճել է 2013 պատանիների աշխարհի առաջնությունում`զբաղեցնելով 5-րդ մրցանակային տեղը: Անձնական մարզիչն է Դավիթ Խիթարյանը:


Ես` ձյուդոիստ

«Ես 18 տարեկան եմ, ձյուդոն է առայժմ զբաղեցրել սիրտս: Երբ առաջին անգամ կանգնեցի տատամիի վրա եւ անցկացրեցի առաջին գոտեմարտս, հասկացա, որ ձյուդոն իմ մարզաձեւն է, իմ մասնագիտությունը, իմ կարիերան, ձյուդոյով ես ապրում եմ, սա իմ կենսակերպն է: Չեմ կարող նույնիսկ մեկ օր առանց տատամի դուրս գալու անցկացնել: Ճիշտ է` շատ դժվարություններ կան, վնասվածքներ, պարտություններ, հիասթափություններ, բայց երբ քեզ լիովին նվիրում ես սպորտին, ամեն ինչ դառնում է հաղթահարելի: Չեմ կարող բառերով բացատրել, թե ինչ զգացողություն եմ ունենում, երբ տատամի եմ դուրս գալիս, նույնիսկ եթե բացատրեմ, ձյուդոյով չզբաղվողները չեն հասկանա: Ձյուդոն ինձ համար գեղեկցություն է: Հպարտ եմ, որ ես ձյուդոիստ եմ»:


Ես` պատանեկան Օլիմպիական խաղերի մասնակից

«Ինձ համար շատ կարեւոր են այս Խաղերը: Պատանեկան Օլիմպիական խաղերը մարզիկի առաջին քայլն է օլիմպիական մրցահարթակում, եւ կարեւոր է նրանով, որ յուրաքանչյուր մարզիկ իր մարզական կարիերայի ընթացքում հնարավորություն ունի ընդամենը մեկ անգամ իր ուժերը փորձել պատանեկան Օլիմպիական խաղերում, քանի որ պատանեկան տարիքային խմբից դուրս ես գալիս եւ երկրորդ անգամ այլեւս հնարավորություն չի ունենա մասնակցել: Ես մեկնում եմ Նանջինգ ինքս ինձ, անձնական մարզիչիս եւ բոլոր մարզիչներին, ինչպե նաեւ ծնողներիս ապացուցելու, որ կարող եմ հաղթահարել Օլիմպիական խաղերի բարձունքը: Սա մի շանս է, մեկ հնարավորություն յուրաքանչյուր մարզիկի կյանքում՝ ապացուցելու համար, որ դու պատանիների մեջ առաջատար ես»:

Մուսալեռցի Հարություն Դերմիշյանը Նանջինգ-2014 օլիմպիադայում

Ակնկալիքներս

Մեկնում եմ մեդալի հետեւից: Ես ինձ համարում եմ մեդալի հավակնորդ: Համոզված եմ, որ կարողանալու եմ մեդալով վերադառնալ հայրենիք: Չգիտեմ՝ դա ինչ գույնի մեդալ կլինի, իհարկե կձգտեմ ոսկուն, բայց այլ հարգի մեդալներին էլ դեմ չեմ լինի: Գտնվում եմ լավ մարզավիճակում, պատրաստ եմ պայքարել մեդալի համար: Հաղթանակս նվիրելու եմ ծնողներիս»:


«Մուսալեռ» Հայրենակցական Միության երիտասարդական թևը հաջողություն է մաղթում իր հայրենակից Հարություն Դերմիշյանին:

Աղբյուր՝ News.am

Մեկնաբանություններ չկան

Վաստակաշատ մտավորական Պետրոս Տեր-Պետրոսյանը կնքեց իր մահկանացուն

Վաստակաշատ մտավորական Պետրոս Տեր-Պետրոսյանը կնքեց իր մահկանացուն

Մահացել է վաստակաշատ մտավորական, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր և «Մուսալեռ» Հայրենակցական միության երկարամյա անդամ Պետրոս Տեր-Պետրոսյանը:

«Մուսալեռ» Հայրենակցական միության վարչությունը և երիտասարդական թևը իրենց խորին ցավակցությունն են հայտնում Պետրոս Տեր-Պետրոսյանի ընտանիքին և հարազատներին:

Պետրոս Տեր-Պետրոսյանը ծնվել է 1941թ. փետրվարի 16-ին Սիրիայի Հալեպ քաղաքում: 1946 թվականին ընտանիքի հետ ներգաղթել է Հայաստան: Նա տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր էր, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի շինարարական իրերի եւ կոնստրուկցիաների արտադրության ամբիոնի վարիչ: Տեր-Պետրոսյանը եղել է Խորհրդային Հայաստանի խոշորապանելային տնաշինության հիմնադիրներից մեկը: Նա ԱՊՀ շինարարական բուհերի ընկերակցության պատվավոր պրոֆեսոր էր:

Մեկնաբանություններ չկան