Միություն

<<Մուսալեռ>> հայրենակցական միության պատմությունը:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո՝ 1946թ., Խորհրդային Հայաստանը հայրենադարձության կոչ արեց սփյուռքահայերին, որին սիրով արձագանքեցին մուսալեռցիների մեծ մասը (հիմնականում Այնջարից): Նրանք եկան և հիմնականում կենտրոնացան Երևանում, Էջմիածնում, Արարատում, Լենինականում և Կիրովականում:

Մուսալեռցի ընտանիքները իրենց բնակության վայրերում հնարավորության սահմաններում մոտիկ ազգականներով նշում էին Մուսա լեռան տոնը՝ տանը հարիսա պատրաստելով և միասին ճաշակելով:

Տարեցտարի մուսալեռցիներն ավելի համախմբված կերպով էին նշում հերոսամարտի տարելիցը: 1969թ. Էջմիածնում տոնակատարությունն ավելի կազմակերպված անցկացնելու համար հանձնաժողով ստեղծվեց, որը հաջող կերպով կազմակերպեց տոնակատարությունը, ինչն էլ խթանեց նաև Երևանում, Արարատում, Հոկտեմբերյանում, Լենինականում և Կիրովականում հանձնաժողովների ստեղծմանը: Վերջիններս մուսալեռցիների մարդահամար անցկացրին, որի արդյունքում էլ 1970թ. մարտին կազմվեց հայրենաբնակ մուսալեռցիների կենտրոնական հանձնաժողովը: Հանձնաժողովի նախագահ ընտրվեց Աբրահամ Արամայիսյանը, իսկ պատասխանատու քարտուղար՝ Մովսես Ղազարյանը: Հանձնաժողովի նպատակը Մուսա լեռան հերոսամարտի տոնակատարությունը արժանավայել կերպով կազմակերպելն ու անցկացնելն էր: Կենտրոնական հանձնաժողովը որոշում էր տոնակատարության տեղը, կարգը, իսկ մյուս հանձնաժողովները իրագործում էին: Բացի այդ հանձնաժողովը կապեր էր հաստատում սփյուռքում գտնվող մուսալեռցիների հետ և մշակութային կապերով կապում նրանց հայրենիքի հետ: Երկու տարի պայքարելուց հետո կենտրոնական հանձնաժողովը հասավ նրան, որ 1972թ. Հայաստանի գերագույն խորհրդի հրամանագրով Էջմիածին շրջանի Գինեվետ ավանը վերակոչվեց Մուսալեռ ավան: Այնուհետև հանձնաժողովը Մուսալեռ ավանում հերոսամարտին նվիրված հուշարձան կառուցելու դիմումներ հղեց, որի արդյունքում 1974թ. ստացան թուլատվություն և Գերագույն Սովետի հրամանով հողատարածք հատկացվեց հուշարձանի կառուցման համար: Նույն թվականի աշնան վերջերին սկսվեցին հուշարձանի կառուցման աշխատանքները: Հուշարձանի նախագծումը հանձն առավ Ռաֆայել Իսրայելյանը, որը, սակայն, հասցրեց միայն ուրվագծել այն. նրա մտահաղացումը իրականացրեց Զավեն Ղազարյանը: Եվ այսպես, հուշարձանի բացումը տեղի ունեցավ 1976թ. տոնակատարության ժամանակ: Այն սփյուռքի մուսալեռցիների համար դարձավ հայրենիքի հետ կապի փարոս, իսկ տեղաբնակ մուսալեռցիների համար՝ ուխտատեղի, որտեղ ամեն տարի սեպտեմբերին նշվում է Մուսա լեռան հերոսամարտը և որպես մատաղ՝ բաժանվում հարիսան: Perch Ghazaryan

1991թ.՝ Հայաստանի անկախացումից հետո, հայրենաբնակ մուսալեռցիների կենտրոնական հանձնաժողովը վերանվանվեց Մուսալեռ հայրենակցական միություն, որի վարչության նախագահ ընտրվեց Կամո Տեր-Պետրոսյանը, իսկ պատասխանատու քարտուղար՝ Պերճ Ղազարյանը: Այժմ միությունը վերանվանվել է Մուսալեռ հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպություն, որի վարչության նախագահը հանդիսանում է Պերճ Ղազարյանը, փոխնախագահը՝ Սարգիս Զեյթլյանը, իսկ պատասխանատու քարտուղարը՝ Վարդգես Մարտիրյանը:

Երիտասարդական թևի պատմությունը:

Զրույց Գաբրիել Փանոսյանի հետ` <<Մուսալեռ>> հայրենակցական միության երիտասարդական թեվի ստեղծման վերաբերյալ:

- Ինչպե՞ս առաջացավ երիտասարդական թևի գաղափարը:

Gabriel Panosyan

- Գաբրիել Փանոսյան: Երկար ժամանակ ես աշխատել եմ երիտասարդների հետ: Հայաստանում նկատեցի, որ մուսալեռցի երիտասարդների մեծամասնությունը գրեթե ոչինչ չգիտի իր նախնիների, Մուսալեռան ավանդույթների, բարբառի մասին ու միայն տարին մեկ անգամ` տոնակատարության օրը, այցելում է Մուսալեռան հուշարձան: 2009թ.-ի ձմռանն ինձ մոտ հղացավ մուսալեռցի երիտասարդներին համախմբելու և երիտասարդական միություն ստեղծելու գաղափար: Ամանորին, երբ Դերմիշյանների տանն էի (ազգականներս են), ասացի այս մասին, որը մեծ ոգևորությամբ ընդունվեց: Տեր Հովակիմը, Տեր Թորգոմը և Տեր Գաբրիելը նույնպես ողջունեցին այս գաղափարը ու ասացին, որ սկսեմ աշխատել այս ուղղությամբ, և որ նրանք իմ կողքին են: Ես և Սոնիա Թաշչյանը հանդիպեցինք հայրենակցական միության նախագահ Պերճ Ղազարյանի հետ ու նրան հայտնեցինք մեր մտադրությունը: Որոշվեց հնարավորինս շատ երիտասարդների հետ կապվել և Սբ. Սարգիսի տոնին հավաքվել <<Նարեկացի>> արվեստի միությունում: Այդ օրը հավաքվել էին մոտ 50 երիտասարդ մուսալեռցիներ և բոլորն էլ շատ ոգևորված էին: Նշանակվեց ժամանակավոր վարչություն, որը պիտի կազմակերպեր բոլոր աշխատանքները:

- Ի՞նչ նպատակներ է հետապնդում միությունը:

- Գաբրիել Փանոսյան: Միության նպատակները շատ են: Գլխավոր նպատակը բոլոր երիտասարդ մուսալեռցիներին համախմբելն է ու նրանց մուսալեռցու ոգի ներշնչելը, քանի որ նրանք են վաղվա մեր հետնորդները ու գործը շարունակողները հայրենակցական միության մեջ: Նպատակներից է նաև միության միջոցով սփյուռքի մուսալեռցի երիտասարդներին կապելը հայրենիքին, ինչպես նաև միջոցառումների ու հավաքույթների միջոցով, ուրախ ժամանցից բացի, Մուսալեռան պատմությանը, մշակույթին ու բարբառին ծանոթացնելը: Այս ուղղություններով արդեն ունեցել ենք բավական հաջողություններ և դեռ շատ ծրագրեր ունենք: Սփյուռքի ու Հայաստանի միջև կապը հեշտացել է կայքի միջոցով, որտեղ միության ու Մուսալեռի մասին շատ օգտակար նյութեր կարելի է գտնել:

- Իսկ ի՞նչ արձագանքներ են եղել երիտասարդական թևի վերաբերյալ:

- Գաբրիել Փանոսյան: Հայրենքիում երիտասաարդների ծնոողներից շատ շնորհակալական և քաջալերական խոսքեր եմ ստացել: Ստացել եմ նաև արտերկրի մուսալեռցի մեր հայրենակիցներից քաջալերական շատ խոսքեր և գործակցության խոստումներ:

- Ինչպիսի՞ն է մուսալեռցի երիտասարդների վերաբերմունքը միության հանդեպ:

- Գաբրիել Փանոսյան: Այս մեկ տարվա ընթացքում, երիտասարդների հետ շփվելով, ես ուղղակի ապշած եմ իրենց պատրաստակամությունից` վերադառնալու իրենց արմատներին և չէի սպասում, որ կարճ ժամանակահատվածում այսքան երիտսարդ մուսալեռցիներ կհավաքվեն և բոլորն էլ այսքան ոգևորված ու խանդավառված կլինեն: Ես որոշ չափով ինձ բավարարված եմ զգում, բայց սա միայն սկիզբն է, և վստահ եմ, որ այս երիտասարդները պիտի շարունակեն մեր սկսած գործը:

- Իսկ ինչու՞ են միության մեջ ներգրավված միայն 15-30 տարեկան երիտասարդները:

- Գաբրիել Փանոսյան: Ընտրել ենք այս տարիքային սահմանափակումը, որովհետև այս տարիքում երիտասարդները իրար ավելի լավ են հասկանում ու միասին ավելի լավ կկարողանան աշախատել: Իսկ 30 տարեկանից հետո կարող են մասնակցել հայրենակցական միության աշխատանքներին:

- Ի՞նչ կմաղթեք երիտսարդներին:

- Գաբրիել Փանոսյան: Երիտասարդներին մաղթում եմ ավելի սերտ գործակցություն միության մեջ և կոչ եմ անում մուսալեռցի բոլոր ծնողներին, որ իրենց զավակներին քաջալերեն` միանալու մեր միությանը: Միևնույն ժամանակ կոչ եմ անում սփյուռքի բոլոր մուսալեռցի ծնողներին ու երիտասարդներին, որ օգտվեն ինտենետի հնարավորություններից և կապ հաստատեն միության հետ: Ու թող իրար ճանաչեն աշխարհի բոլոր ծայրերում գտնվող մուսալեռցիները:

Վարչություն:

«Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի առաջին ընդհանուր ժողովը տեղի ունեցավ 2009թ. Մայիսի 24-ին Բյուրականում: Այդ օրը հաստատվեց ու ընդունվեց միության կանոնադրությունը և 1 տարի ժամկետով պաշտոնապես ընտրվեց 9 հոգուց բաղկացած վարչություն` Անտաբյան Վիկտորյա, Բալաբանյան Աբրահամ, Բալաբանյան Հովհաննես, Դերմիշյան Հովհաննես, Կրրիկյան Վահե, Հայրապետյան Նարինե, Ղազարյան Նարեկ, Ղազարյան Սոսի, Շաննակյան Հասմիկ: Երիտասարդական թևի վարչության խորհրդական ընտրվեց Գաբրիել Փանոսյանը:

Arajin Varchutyun

Երիտասարդական թևի երկրորդ ընդհանուր ժողովը տեղի ունեցավ 2010թ. մայիսի 30-ին Ախթալայում: Այնտեղ փակ քվեարկությամբ ընտրվեց 7 հոգուց բաղկացած վարչական կազմ` Աբրահամ Բալաբանյան (ատենապետ), Հասմիկ Շաննակյան (քարտուղար), Վահե Կրրիկյան (գանձապահ), Սոսի Ղազարյան, Վիկտորյա Անտաբյան, Հովհաննես Դերմիշյան, Արսեն Համբարձումյան (խորհրդատուներ): Վարչության խորհրդական ընտրվեց Գաբրիել Փանոսյանը:

Varchutyun

2010թ. հոկտեմբերի 10-ին Բայուրականում տեղի ունեցավ արտահերթ ընդհանուր ժողով: Տեղի ունեցան վարչական կազմի փոփոխություններ` երկու անդամներ փակ քվեարկությամբ փոխարինվեցին նոր չորս անդամներվ: Կազմվեց վարչություն 9 անդամներից` Աբրահամ Բալաբանյան (ատենապետ), Հասմիկ Շաննակյան (քարտուղար), Վահե Կրրիկյան (գանձապահ), Սոսի Ղազարյան, Արսեն Համբարձումյան, Արամ Շարբաթյան, Վարդուհի Ղազարյան, Ծաղիկ Գասամանյան, Վիկտորիա Մարտիրյան (խորհրդատուներ): Վարչության խորհրդականն է Գաբրիել Փանոսյանը:

Veryntrvac Varchutyun

Երիտասարդական թևի երրորդ ընդհանուր ժողովը տեղի ունեցավ 2011թ. մայիսի 29-ին Օշականում: Բաց քվեարկությամբ ընտրվեց 7 հոգուց բաղկացած վարչական կազմ` Հովհաննես Դերմիշյան (ատենապետ), Շուշաննա Բալաբանյան (քարտուղար), Հակոբ Աշկարյան (գանձապահ), Վիկտորիա Մարտիրյան, Գոհար Ջամբազյան, Աբրահամ Բալաբանյան և Արամ Շարբաթյան (խորհրդատուներ):
Վարչության խորհրդականն է Գաբրիել Փանոսյանը:

Errord Varchutyun

«Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի չորրորդ ընդհանուր ժողովը տեղի ունեցավ 2012թ. մայիսի 13-ին Օշականում: Բաց քվեարկությամբ ընտրվեց 7 հոգուց բաղկացած վարչական կազմ` Արթուր Հաբեշյան (ատենապետ), Էլիզա Գյուլգյուլյան (քարտուղար), Հասմիկ Շաննակյան (գանձապահ), Գոհար Ջամբազյան, Հակոբ Աշկարյան, Արսեն Համբարձումյան, և Հայկ Հովհաննիսյան (խորհրդատուներ):
Վարչության խորհրդական ընտրվեց Անի Փաշայանը:

Chorrord Varchutyun