Արխիվ | "Մուսալեռ" կատեգորիա

Ծառատունկ Մուսալեռում

Երեք սոսի  ու երեք հարյուր ընկուզենի տնկվեց Մուսալեռան հուշահամալիրի շրջակայքում

Մարտի քսանի մռայլ ու քամոտ եղանակը չխանգարեց Մուսալեռ Հայրենակցական Միության երիտասարդական թևի  անդամներին միանալ  Հայաստան Ծառատունկ  Ծրագրին (պաշտոնական անվանումը «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամ)  և 300 ընկուզենի ու երեք սոսի տնկել Մուսալեռ  հուշահամալիրի  շրջակայքում:

Ծառատունկ Մուսալեռում

<<Armenia tree project>>-ի տնօրեն Լուսինե Քասարջյանը Մուսալեռ հայրենակցական միության երիտասարդական թևի երիտասարդներին առաջարկեց միանալ իրենց ու ծառատունկ իրականացնել Մուսալեռ հուշահամալիրի շրջակայքում : Երիտասարդները համաձայնվեցին միայն մեկ պայմանով ընկուզենիներից բացի պետք է  տնկվի նաև սոսի, քանի  որ այն համարվում է Մուսալեռան ավանդական ծառը և ըստ ավանդույթի  մուսալեռցին մի տեղից մյուսը գնալիս իր հետ անպայման վերցնում է սոսու տնկի ու հարիսայի կաթսա:

Ծառատունկը լինելով Մուսալեռ Հայրենակցական Միության երիտասարդական թևի 2016 թվականի  առաջին ձեռնարկը`  մեծ նշանակություն ուներ վարչության ու  անդամների համար: Հատկանշական էր նաև այն, որ  առաջին ձեռնարկը տեղի ունեցավ Մուսալեռ հուշահամալիրում:

Ծառատունկ Մուսալեռում

Երիտասարդները սկզբում հարգանքի  տուրք մատուցեցին Արցախյան պատերազմում զոհված մարտիկներին, ապա  սկսեցին ծառատունկը: <<Armenia tree project>>-ի կազմակերպիչները ծանոթացրին ծառ ճիշտ տնկելու կարգի հետ,  որից հետո էլ երիտասարդները խմբերով կամ զույգերով սկսեցին ծառ տնկելու գործընթացը:

Ծառատունկ Մուսալեռում

Ընկուզենիները տնկելուց ու ջրելուց հետո`  թոնրի, բաթուզի ու սանդաքի շրջակայքում տնկեցին նաև  Սոսու երեք տնկիները:

Ծառատունկի վերջում Մուսալեռ հայրենակցական Միության երիտասարդական թևի հիմնադիր ու խորհրդական Գաբրիել Փանոսյանը իր երախտիքի խոսքն հայտնեց   <<Armenia tree project>>-ի:  << Շնորհակալություն ենք հայտնում ձեզ , որ մեզ այս ձեռնարկին մասնակցելու հնարավորություն ընձեռեցիք  ու որ հատկապես հնարավորություն տվեցիք Մուսալեռ հուշահամալիրի շրջակայքւոմ տնկել Մուսալեռան խորհրդանիշ սոսին >> իր խոսքում նշեց Պրն. Փանոսյանը:

Արփինե Թիլիքյան

Մեկնաբանություններ չկան

Վերլուծական հոդված Մուսա լեռան հուշարձանի մասին

Սիրելի Հայրենակիցներ,

Ստորեվ ձեզ ներկայացնում ենք ճարտարապետ Դավիթ Ստեփանյանի վերլուծական-մեկնաբանական հոդվածը Էջմիածնի ճանապարհին կառուցված Մուսա Լեռան Հուշարձանի մասին:

«ՄՈՒՍԱԼԵՌ» Հայրենակցական Միության երիտասարդական թևի վարչություն

Մուսա Լեռան Հուշարձանը

ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ

Ապարանի, Հաճընի և Մուսա Լեռան հուշարձանները կարծես հերոսական եռապատում լինեն, որոնք ամբողջացնում են Ռաֆայել Իսրայելյանի վերջին շրջանի ճարտարապետական խոսքը:

Համանուն վայրերում առանձին կանգնած այս կոթողները շատ տարբեր են միմյանցից, բայց ունեն նաև խիստ որոշակի ընդհանրություններ: Երեքին էլ բնորոշ է քանդակայնությամբ ու պատմողականությամբ հագեցած հորինվածքը, որտեղ կարևորվում և կառույցի անբաժան, օրգանական մաս են կազմում ճարտարապետագեղարվեստական մանրամասները: Մոդեռնիստական հղկվածությունը, որն Իսրայելյանի մոտ, ինչպես միշտ,  զերծ է օտարամուտ տարրերից, և ներկայանում է մաքուր, հայկական ոճավորմամբ, սրանցում առավել ցայտուն է արտահայտված վաղ շրջանի գործերի համեմատ: Հուշարձանների հերոսական բնույթի ընկալմանն է նպաստում քարի սև կամ կարմիր գույնի ընտրությունը:

Այս երեք կոթողը մոտ են նաև իրենց մասշտաբային չափերով:

ՀուշարձանԿամար

Միջավայրի մեջ, սակայն, ամենաիշխող տեսքն ունի Մուսա լեռան կոթողը, որն իր վառ կարմրավուն երանգով առանձնանում և աչքի է ընկնում տեղանքում:
Դեռ հեռվից ուրվագծվում է նրա հորինվածքը, որպես մի ծանր, սեղանաձև քարաբեկոր՝ ամուր ու հաստատուն կանգնած հողի վրա: Այն օժտված չէ դինամիկ նկարվածքով, ինչն անհանգիստ մարտական տրամադրություն է արտահայտում մյուս երկու կոթողներում և, հատկապես ազդեցիկ է արված Ապարանի հուշարձանի հյուսիսային կողմի վրա: Սակայն ստատիկ կեցվածքն այստեղ առավել շեշտում է անառիկության ու անսասանության գաղափարը:

Երևանից Էջմիածին տանող մայրուղուց դեպի աջ թեքվող ճանապարհը բերում է հուշարձանի մոտ բարձրացող աստիճանների ստորին հարթակի մոտ: Պարզ ու հասարակ բազալտե աստիճաններ են դրանք, որոնք այցելուին ստիպում են որոշակի տարածություն հաղթահարել Արարատյան դաշտավայրի կիզիչ արևի ներքո: Առջևում հուշարձանի խուլ զանգվածն է՝ կենտրոնական մասում արտահայտված մեծ որմնաքանդակով: Վահանի նման պատսպարող ու անդրադարձնող կերպար կա մեկ հարթությամբ վեր խոյացող այդ քարե մակերևույթի մեջ:
Խիստ ու չոր նրա պատկերը կարծես նաև արտացոլումը լինի տափաստանային տեղանքի: Ամեն կարգի էկզոտիկ ելևեջներից զուրկ հարթավայրը միավորվելով երկնքի հետ՝ ֆոնային համադրություն է դառնում հեռանկարում միակ բնական դոմինանտ հանդիսացող Արարատ լեռան համար: Այս համայնապատկերի վրա տեսարան է բացվում հուշարձանի փռված կամարային բացվածքից, որը տվյալ ճակատի միակ ցայտուն ծավալային փորվածքն է: Նման ձեռագիր է թողել Իսրայելյանը նաև Չարենցի կամարում, միայն թե այնտեղ կամարաձև շրջանակը գլխավոր փիլիսոփայությունն է ամբողջ կառույցի: Այստեղ նույն ստվերապատ մուտքն առավելապես հրավիրող ու կանչող նշանակություն ունի: Առանց նրա՝ վանող ու միապաղաղ կդիտվեր պատի խլությունը:
Սրբատաշ շարվածք ունեցող հսկա պատերը վերնամասում ամեն կողմից շեշտված ավարտ ունեն, և նույնացվում են բերդապարսպի աշտարակի հետ: Սակայն մայրուղուն նայող եռատամ վերջավորության վրա պատկերված արծվի ուրվանկարն ամբողջ հորինվածքը դարձնում է կանգնած արծվի մի քանդակ: Պատահական չէ այս դեպքում՝ կամարի փռված լինելն ու սեղանաձև ծավալի հիմքի մասում լայնանալը: Որևէ ուրիշ տիպի բացվածք չէր կարող արտահայտել արծվի հաղթական կեցվածքը: Դասական, սլացիկ կամարի դեպքում, օրինակ, արծիվը երկչոտ կանգնվածք կունենար:
Հուշարձան

Կոնստրուկտիվ աշխատանքի տեսանկյունից, եթե դիտարկենք՝ կամարի տարահրման ուժը մեծանում է նրա փռվածքին համարժեք չափով: Այս դեպքում տվյալ բացվածքը երկու կողմից էլ ունի պատերի բավարար երկարություն՝ լարմանը դիմակայելու և կամարից եկող տարահրման ուժը մարելու համար: Պատերի այդ երկարություները վիզուալ առումով ընկալվում են, որպես “արծվի” ոտքերի հաստություններ: Կարելի է ասել, որ լարվածության ու ամրության հաշվարկը մեկնաբանված է գեղագիտորեն, և “արծվի հզորր ոտքերը հաստատակամորեն հենված են հողի վրա”:
Հուշարձանի կամարներն իրականում երեքն են: Դրանք հստակորեն արտահայտելով կառույցի տեկտոնիկան՝ իբրև կրող պատերի բացվածքներ, հոգեբանորեն ևս հուսալիության զգացում են ներշնչում:
Կառույցի ձևի մեջ ակամա կարելի է հայտնաբերել Սարդարապատի հուշահամալիրի քանդակազարդ պատի, կամ Էջմիածնի բակում տեղադրված խաչքարի վրա պատկերված արծվների նույն կեցվածքն ու համաչափությունները: Ոտքերն ուսերի լայնությամբ բացած, իրանով ուղղահայաց, դեմքով պրոֆիլային պատկերված արծիվներ են դրանք, որոնց կարելի է հանդիպել նաև հեղինակի բազմաթիվ էսքիզներում:

Արծիւ

Ճարտարապետությունը քանդակի մեջ տեսնելու իսրայելյանական մոտեցումը ամենավառ կերպով իրականացվել էր Սարդարապատում՝ ցուլերի ու պահապան արծիվների տեսքով: Բայց այնտեղ քանդակ են՝ առանձին կանգնած պատերն ու ստելաները: Մուսա Լեռան կոթողը քանդակ է ամբողջ կառույցի:
Կատարողական առումով սկզբունքային մի հետարքրքիր տարբերություն կա այս երկու հուշահամալիրներում: Սարդարապատը՝ քանդակային ճարտարապետություն է, Մուսա Լեռը՝ ճարտարապետական քանդակ: Նրանում քանդակն արտահայտված է մաքուր ճարտարապետական լուծումներով: Միայն դեկորատիվ փորագրությունն է սրամտորեն հուշում, որ ամբողջ ծավալը միաժամանակ համատեղվում է առասպելական թռչնի կերպարին:
Արծվի տեքով անառիկ այս ամրոցը սիմետրիայի և ասիմետրիայի համադրման զուսպ ու հետարքրքիր լուծումներ ունի: Խիստ սիմետրիկ նկարվածքներով երկու հիմնական ճակատը տարբեր են իրարից, կողային ճակատները նույնն են, բայց ասիմետրիկ են: Արդյունքում սիմետրիային բնորոշ հստակությամբ ու ծանրությամբ հագեցած հուշարձանը, չկրկնվող դիտակետեր և անկյունային կողմերից ավելի ազատ նկարվածք ունի:

Հուշարձանը տարբեր կողմերից

Ցայտուն է արտահայտված ժողովրդական ճարտարապետության ոգին հատկապես հյուսիսային ճակատի վրա: Նորից ամրոցային ոճավորմամբ մշակված, բայց ավելի ջերմ ու հյուրընկալ տեսարան է բացվում այս կողմից: Պատային հարթությունների՝ իրար հաջորդող հերթագայության շնորհիվ, ամբողջովին ընթեռնելի է դառնում կառույցի ծավալատարածական հորինվածքը՝ հարստանալով լույս ու ստվերային անցումներով: Արտահայտիչ է երկու կողմից բարձրացող քարե աստիճանների բազրիքը, որը կամարաձև բացվածքի վրա գեղեցիկ հայկական շքամուտք է ձևավորում:
Կենտրոնական, առանցքային մասում տեղակայված թանգարանի մուտքի դուռը կոմպոզիցիոն առումով դիտվում է, որպես տվյալ ճակատի սիմետրիան շեշտող և ներքևի շքամուտքային մասն աշտարակաձև վերնամասի հետ կապող, հավաքող մի հանգույց:
Ներսի տարածությունն ամբողջովին քարապատ է, և իրենից ներկայացնում է խուլ պատերի մեջ ընկած, ձգված, ուղղանկյուն մի ծավալ, որտեղ միակ լույսի աղբյուրը բարձր առաստաղի տակ գտնվող 4 քառակուսի լուսամուտն են: Ֆոլկլորային իմաստ փնտրելու դեպքում՝ այս 4 լույսը կարելի է խորհրդանշական դիտել: Մուսա Լեռան ինքնապաշտպանության 40 օրվա ընթացքում 4 թեժ հարձակում է տեղի ունեցել թուրքերի կողմից, որոնք ավարտվել են հայերի ջախջախիչ հաղթանակով:

Դրսից նայելիս՝ ուշագրավ են լուսամուտների կողքերից վեր խոյացող ատամնավոր ելուստերը, որոնք թեպետ՝ առավելապես ընկալվում են, որպես ամրոցային էլեմենտներ, բայց իրենց մասշտաբայնությամբ և ընգդծված պարզ քիվային ավարտով խաչքարի համաչափություններ են հիշեցնում: Նման ատամնաշարեր ունեին Կիլիկյան Հայաստանի ամրոցները: Էսքիզային աշխատանքներում կան սրանց նախշազարդ տարբերակները:

Կիլիկյան ամրոցների նմանություն

Ճարտարապետական կառույցի վրա դրվագներով բացահայտվող և յուրովի մեկնաբանված խաչքարի մշակումներ՝ շատ դեպքերում խուլ, միայն ուրվագծով արտահայտված, հետագայում տարածում գտան Իսրայելյանի դպրոցի լավագույն շարունակող Ջիմ Թորոսյանի գործերում:
Մուսա Լեռան հուշարձանն առանձնահատուկ է իր կատարման մաքրությամբ, լակոնիզմով, ծավալների մասշտաբային համապատասխանությամբ: Հավանաբար ավելի հաջողված կլինեյին նաև գեղարվեստաարտահայտչական մանրամասները, եթե վարպետը հասցներ տեսնել իր նախագծի իրականացումը: Թվում է, թե ավելի հմտորեն կներգծվեր արծվի կիսադեմն ուղղանկյուն ընդհանուր ծավալին, նաև կենտրոնական որմնաքանդակի մեկ այլ տարբերակ, գուցե, կլիներ այդ նույն ճակատի վրա: Արա Հարությունյանի աշխատանքը, չնայած վարպետորեն կատարմանը, երկրորդ ձեռագիր ու տրամադրություն է մտցնում ստեղծագործության մեջ:
Հուշարձանի ծավալատարածական յուրահատկություններից են քարի մեծ մակերեսներն ու նրանց ողղանկյուն, սուր եզրեր գոյացնող անցումները: Այդ անխոռոչ պատային հարթություները պարփակվածության, կարծրության ու անմատչելիության զգացողություն առաջացնելով՝ միաժամանակ վեհություն ու հանգստություն են ներշնչում:
Կառույցի ծանր կերպարն ամենից շատ աշխուժացնում և դրան մոնումենտալություն են հաղորդում “արծվի” թևերը, որոնք համընկնում են կողային ճակատներին և ունեն ամբողջ բարձրությամբ ձգված երեքական հզոր նիստ: Որպես կոշտության կողեր՝ դրանք բարձրանում են կրող պատի վրա, որը դուրս է գալիս ընդհանուր ծավալից որոշակի թեքությամբ:

Մուսալեռան Հուշարձան

Մի տեսակ պատի այդ թեքությունը հիշեցնում է Կիլիկյան հայաստանում առաջինը կառուցված, նույն հերոսամարտին նվիրված հուշարձանի մի հատվածը, որը ֆրանսիական փրկարար նավի պատկերն էր ներկայացնում: Այդ հուշարձանն ավիրվել է, կա միայն նրա լուսանկարը, որի զարդաքանդակն Իսրայելյանն արել է թանգարանի մուտքի ճակատային մասում:
Արարատի դիմաց կանգնած կոթողը ինչ որ նմանություն ունի նաև Կիլիկյան Հայաստանում մնացած Մուսա լեռան հետ: Ծովափին կանգնած լեռը նորից սեղանաձև ուրվագիծ և թեթևակի նշմարվող եռագագաթ ավարտ ունի:

Մեկնաբանություններ չկան

Թանգարանային գիշերը Մուսալեռում

Մայիսի 17-ին ժամը 17:00-ից Հայաստանում կմեկնարկի ամենամյա թանգարանային գիշերը: Թանգարանների շարքում բացառություն չէ նաև Մուսալեռան հերոսամարտին նվիրված հուշահամալիրին կից գործող թանգարանը:

Մինչ առավոտ թանգարանը պատրաստ է անվճար ընդունել բոլոր այցելուներին:

Միջոցառման շրջանակներում տեղի կունենա Մուսալեռան, Այնջարի և Քեսապի հին ու նոր լուսանկարների ցուցադրություն՝ «Մուսա Լեռան բարձունքից» խորագրով: Նախատեսվում է նաև համերգային ծրագիր և «Մուսա Լեռան 40 Օրը» Ֆիլմի ցուցադրություն:

Թանգարանային գիշերը ՄուսալեռումԹանգարանային գիշերը Մուսալեռում

Մեկնաբանություններ չկան

Մուսալեռան հաղթական հերոսամարտի 96-ամյակը

96th Anniversary of the Heroic Battle of Musa Dagh

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՄՈՒՍԱԼԵՌՑԻ:

Լրացավ Մուսալեռան հաղթական հերոսամարտի 96-ամյակը: Իրադարձություն, որը մեծ տոն է ոչ միայն մուսալեռցիների, այլև ողջ հայության համար: Դեռ շաբաթ օրվանից` սեպտեմբերի 17-ին, մարդկանց մեծ հոսք էր սկսվել դեպի Մուսալեռան հուշահամալիր: Ամենուր տիրում էր ջերմ և տոնական տրամադրություն. երիտասարդները ճամբարներ էին հիմնում, Հայրենակցական միության անդամները կատարում էին նախապատրաստական աշխատանքներ: Երեկոյան արդեն հուշարձանի շրջակայքը շատ մարդաշատ էր: Դեռ հեռվից լսվում էին Մուսալեռան թմբուկի ու զուռնայի ոգեշնչող հնչյունները:

Chambar himnelisEritasardakan tevi chambary

Մինչ ներկաները շուրջպար էին բռնել, պարում ու երգում էին, հարիսայատանը արդեն սկսվել էր ավանդական հարիսայի պատրաստման բարդ գործընթացը: Խորհրդանշական 96 կաթսաների տակ վառվում էր կրակը, որը շարունակվեց մինչև առավոտ:

96-amyak

Ավելի ուշ վառվեց մեծ խարույկ, որի շուրջ թմբուկի ուժգին հարվածների տակ շրջան կազմեցին հարյուրավոր մուսալեռցիներ և ուղղակի այցելուներ: Երգն ու պարը ուղեկցվեցին հրավառությամբ:

Kharuyk

Ուշ երեկոյան «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի ճամբար անակնկալ այցելություն կատարեց Այնջարի քաղաքապետ Կարո Փամբուկյանը: Նա ծանոթացավ մուսալեռցի երիտասարդների հետ և խարույկի շուրջ նստած ներկաներին մանրամասնորեն ներկայացրեց Այնջարի ողջ պատմությունը հիմնադրման օրվանից: Թեև կարճատև, բայց հաճելի և հանգամանալից հանդիպումը քաղաքապետի հետ ավարտվեց խմբակային լուսանկարով:

Karo Pambukyan

Ողջ գիշեր երիտասարդական թևի ճամբարում տիրեց ուրախ և տոնական մթնոլորտ: Առավոտյան մուսալեռցի երիտասարդների օգնությամբ ավարտին հասցվեց հարիսայի պատրաստումը:

Harisan harelisHarisa

Կիրակի` սեպտեմբերի 18-ին, ժամը 11-ին հուշարձանի բեմահարթակից հանդիսավոր կերպով Մուսալեռան հաղթական հերոսամարտի 96-ամյակին նվիրված տոնախմբությունը հայտարարվեց բացված: Միջոցառման բացումը կատարեց «Մուսալեռ» հայրենակցական միության վարչության անդամ Եսայի Չախչախյանը: Հավաքված հարյուրավոր հանդիսականներին բեմահարթակից իրենց խոսքն ասացին միության նախագահ Պերճ Ղազարյանը, երիտասարդական թևի անդամներ Կարինե Փանոսյանը և Արամ Շարբաթյանը, Հովակիմ Եպիսկոպոս Մանուկյանը, ԱՄՆ Հայ-Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Լևոն Ֆիլյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և այլ պատվավոր հյուրեր: Ելույթներին հաջորդում էին ազգային երգերն ու պարերը. ներկայացան մի շարք ազգագրական պարային խմբեր և երգիչներ:

Handisavor mas

Այս ողջ ընթացքում երիտասարդ մուսալեռցիները հարիսայատանը համապատասխան տարաների մեջ տեղափոխեցին հարիսան, որը բաժանվելու էր ներկաներին:

Harisan ltsvum e taraneri mejHarisan orhnvum e

Թմբուկ-զուռնայի և ժողովրդի ուղեկցությամբ պատվավոր հյուրերը եկան հարիսայատուն: Հովակիմ Եպիսկոպոս Մանուկյանը օրհնեց հարիսան, որից հետո երիտսարդները հերոսամարտի 18 նահատակների և 4000-ից ավել փրկվածների հիշատակի մատաղ հարիսան բաժանեցին ժողովրդին:

Harisan bajanelisHarisan bajanvets joghovrdin
Լրատվամիջոցներ. panorama.am-ը, epress.am-ը, neonews.am-ը, armradio.am-ը օրվա վերաբերյալ:
բոլոր նկարները…

2 Մեկնաբանություն

Զրույց Մուսա լեռան Վագըֆ գյուղի գյուղապետի հետ | NEWS.am

Vagfi Gyughapety

Թուրքիայի Հաթայ նահանգի Մուսա լեռան ստորոտին գտնվող հայաբնակ Վագըֆ գյուղի երիտասարդությունը տարբեր պատճառներով հեռանում է ծննդավայրից՝ թողնելով գյուղում միայն տարեցներին:

Ցեղասպանությունից փրկված և այնուհետ կրկին իրենց գյուղը վերադարձած Թուրքիայի միակ հայկական գյուղի բնակիչների թիվը տարեցտարի նվազում է: Գյուղի երիտասարդների մի մասը հեռանում է Թուրքիայի մեծ քաղաքներ կամ արտասահման՝ հիմնականում աշխատանք գտնելու և սովորելու համար:

Ինչեպես տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը Վագըֆից, գյուղապետ Պերճ Քարթունը հայ և թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է 100 տոկոս հայերով բնակեցված գյուղի խնդիրները: Պերճ Քարթունն անդրադառնալով երիտասարդների զբաղվածության խնդրին, նշել է, թե այն լուծելու համար իրենք կոոպերատիվ են ստեղծել և երիտասարդներին ներգրավել դրա աշխատանքների մեջ: «Երիտասարդներին գյուղում պահելու համար անհրաժեշտ է տնտեսություն զարգացնել: Աշխատում ենք մեծացնել մեր ստեղծած կոոպերատիվի հնարավորությունները, սակայն ամեն ինչ դանդաղ է առաջ գնում», -նշել է հայազգի գյուղապետը:

NEWS.am-ի թղթակիցը գյուղապետից հետաքրքրվել է, թե հայկական գյուղում վերջին հարսանիքը ե՞րբ է եղել, սակայն Պերճ Քարթունը դժվարացել է հիշել՝ խնդրելով համագյուղացիներին հուշել իրեն: Ցավոք, համագյուղացիները ևս հստակ չեն կարողացել նշել, թե երբ է տեղի ունեցել: «Հստակ չեմ հիշում, պետք է մատյանի մեջ նայել: Կարծում եմ 5 տարի առաջ էր», -ասել է գյուղապետը՝ դժվարանալով հիշել նույնիսկ, թե ում են վերջին անգամ ամուսնացրել:

Քարթունը շեշտել է, որ գյուղի բնակչությունը գնալով նվազում է՝ նշելով, որ գյուղն ունի 135 բնակիչ, սակայն 10 տարի առաջ այդ թիվն անցնում էր 180-ից: «Վերջին 2 տարում գյուղում ծննուդներ չեն գրանցվել, սակայն նախորդ շաբաթվա ընթացքում 2 մահ է գրանցվել: Գյուղի երիտասարդ տղաները չեն ամուսնանում, աղջիկ չկա: Հայաստանցի աղջիկները չեն ցանկանում ամուսնանալ Թուրքիայում ապրող հայերի հետ, իսկ ստամբուլահայերը չեն ցանկանում գյուղ տեղափոխվել»,-նշել է գյուղապետը:

Անդրադառնալով գյուղի մշակույթային և կրթական կյանքին, Պերճ Քարթունը ցավով նշել է, որ երեխաները հայերեն են սովորում ընտանիքում կամ Ստամբուլից իրենց գյուղ եկող Հայոց պատրիարքարանի ներկայացուցիչներն են նրանց հետ զբաղվում հայերենի ուսուցմամբ: «Գյուղի երեխաների համար ստեղծել ենք մանկական երգչախումբ, նրանց հայկական երգեր ենք սովորեցնում: Նրանք մասնակցում են գյուղի եկեղեցում իրականացվող պատարագներին», -ընդծել է Պերճ Քարթունը:

VagfVagfi Ekeghetsin
Ըստ news.am

1 Մեկնաբանություն