Արխիվ | "Մուսալեռցիներ" կատեգորիա

Մուսալեռցի Հարություն Դերմիշյանը Նանջինգ-2014 օլիմպիադայում


Օգոստոսի 16-ին Չինաստանում մեկնարկող Նանջինգ-2014-ի պատանեկան Oլիմպիական խաղերում Հայաստանի անունից ձյուդո մարզաձևում 66 կգ քաշային կարգով հանդես կգա Մուսալեռցի Հարություն Դերմիշյանը:


Մուսալեռցի Հարություն Դերմիշյանը Նանջինգ-2014 օլիմպիադայում

Հարությունը ծնվել է 1996 թվականի ապրիլի 6-ին, Երեւանում: Նանջինգ-2014 պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիրը նվաճել է 2013 պատանիների աշխարհի առաջնությունում`զբաղեցնելով 5-րդ մրցանակային տեղը: Անձնական մարզիչն է Դավիթ Խիթարյանը:


Ես` ձյուդոիստ

«Ես 18 տարեկան եմ, ձյուդոն է առայժմ զբաղեցրել սիրտս: Երբ առաջին անգամ կանգնեցի տատամիի վրա եւ անցկացրեցի առաջին գոտեմարտս, հասկացա, որ ձյուդոն իմ մարզաձեւն է, իմ մասնագիտությունը, իմ կարիերան, ձյուդոյով ես ապրում եմ, սա իմ կենսակերպն է: Չեմ կարող նույնիսկ մեկ օր առանց տատամի դուրս գալու անցկացնել: Ճիշտ է` շատ դժվարություններ կան, վնասվածքներ, պարտություններ, հիասթափություններ, բայց երբ քեզ լիովին նվիրում ես սպորտին, ամեն ինչ դառնում է հաղթահարելի: Չեմ կարող բառերով բացատրել, թե ինչ զգացողություն եմ ունենում, երբ տատամի եմ դուրս գալիս, նույնիսկ եթե բացատրեմ, ձյուդոյով չզբաղվողները չեն հասկանա: Ձյուդոն ինձ համար գեղեկցություն է: Հպարտ եմ, որ ես ձյուդոիստ եմ»:


Ես` պատանեկան Օլիմպիական խաղերի մասնակից

«Ինձ համար շատ կարեւոր են այս Խաղերը: Պատանեկան Օլիմպիական խաղերը մարզիկի առաջին քայլն է օլիմպիական մրցահարթակում, եւ կարեւոր է նրանով, որ յուրաքանչյուր մարզիկ իր մարզական կարիերայի ընթացքում հնարավորություն ունի ընդամենը մեկ անգամ իր ուժերը փորձել պատանեկան Օլիմպիական խաղերում, քանի որ պատանեկան տարիքային խմբից դուրս ես գալիս եւ երկրորդ անգամ այլեւս հնարավորություն չի ունենա մասնակցել: Ես մեկնում եմ Նանջինգ ինքս ինձ, անձնական մարզիչիս եւ բոլոր մարզիչներին, ինչպե նաեւ ծնողներիս ապացուցելու, որ կարող եմ հաղթահարել Օլիմպիական խաղերի բարձունքը: Սա մի շանս է, մեկ հնարավորություն յուրաքանչյուր մարզիկի կյանքում՝ ապացուցելու համար, որ դու պատանիների մեջ առաջատար ես»:

Մուսալեռցի Հարություն Դերմիշյանը Նանջինգ-2014 օլիմպիադայում

Ակնկալիքներս

Մեկնում եմ մեդալի հետեւից: Ես ինձ համարում եմ մեդալի հավակնորդ: Համոզված եմ, որ կարողանալու եմ մեդալով վերադառնալ հայրենիք: Չգիտեմ՝ դա ինչ գույնի մեդալ կլինի, իհարկե կձգտեմ ոսկուն, բայց այլ հարգի մեդալներին էլ դեմ չեմ լինի: Գտնվում եմ լավ մարզավիճակում, պատրաստ եմ պայքարել մեդալի համար: Հաղթանակս նվիրելու եմ ծնողներիս»:


«Մուսալեռ» Հայրենակցական Միության երիտասարդական թևը հաջողություն է մաղթում իր հայրենակից Հարություն Դերմիշյանին:

Աղբյուր՝ News.am

Մեկնաբանություններ չկան

Վաստակաշատ մտավորական Պետրոս Տեր-Պետրոսյանը կնքեց իր մահկանացուն

Վաստակաշատ մտավորական Պետրոս Տեր-Պետրոսյանը կնքեց իր մահկանացուն

Մահացել է վաստակաշատ մտավորական, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր և «Մուսալեռ» Հայրենակցական միության երկարամյա անդամ Պետրոս Տեր-Պետրոսյանը:

«Մուսալեռ» Հայրենակցական միության վարչությունը և երիտասարդական թևը իրենց խորին ցավակցությունն են հայտնում Պետրոս Տեր-Պետրոսյանի ընտանիքին և հարազատներին:

Պետրոս Տեր-Պետրոսյանը ծնվել է 1941թ. փետրվարի 16-ին Սիրիայի Հալեպ քաղաքում: 1946 թվականին ընտանիքի հետ ներգաղթել է Հայաստան: Նա տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր էր, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի շինարարական իրերի եւ կոնստրուկցիաների արտադրության ամբիոնի վարիչ: Տեր-Պետրոսյանը եղել է Խորհրդային Հայաստանի խոշորապանելային տնաշինության հիմնադիրներից մեկը: Նա ԱՊՀ շինարարական բուհերի ընկերակցության պատվավոր պրոֆեսոր էր:

Մեկնաբանություններ չկան

Վաստակաշատ մտավորական Պողոս Սնապյանը կնքեց իր մահկանացուն

Վաստակաշատ մտավորական Պողոս Սնապյանը կնքեց իր մահկանացուն

Շաբաթ առավոտյան իր մահկանացուն կնքեց «Բագին» ամսագրի երկար տարիների խմբագիր, հայ ժամանակակից գրականության զարգացման մեջ իր ուրույն ներդրումը ունեցած վաստակավոր մտավորական Պողոս Սնապյանը:

«Մուսալեռ» Հայրենակցական միության վարչությունը և երիտասարդական թևը իրենց խորին ցավակցությունն են հայտնում Պողոս Սնապյանի ընտանիքին, ինչպես նաև մեծանուն գրողի բոլոր ընթերցողներին:

Պողոս Մարկոսի Սնապյանը ծնվել է 1927թ., օգոստոսի 11-ին, Մուսա լեռան Բիթիաս գյուղում:
Ավարտել է Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանը (1950), սովորել Փարիզի Ալիանս Ֆրանսեզում և Սորբոնի համալսարանում (1962-64): 1951-ից աշխատակցել է սփյուռքի տարբեր պարբերականների: 1958-ից՝ Բեյրութի «Բագին» հանդեսի խմբագրակազմի հիմնադիր-անդամ (Կարո Սասունու և Էդվարդ Բոյաջյանի հետ), 1966-2006-ին՝ գլխավոր խմբագիր: Դասավանդել է Այնճարի «Հառաջ» քոլեջում, Բեյրութի «Սոֆյա Հակոբյան» երկրորդական վարժարանում: 1980-ից «Համազգային» բարձրագույն հիմնարկի գրական ճյուղից դասախոս: Հեղինակ է «Ժամանակ չկայ» (1953) վիպակի, «Յեղափոխութեան համար» (1956), «Ես այդ շունն եմ» (1966, 2 հրատ.՝ 2006), «Կորստեան թոյներ» (1970), «Աղքատներուն աւանդութիւնը» (2002) ժողովածուների և այլ գրքերի, գրականագիտական մենագրությունների, դիմանկարների, տարեգրքերի, բազմաթիվ գրախոսական հոդվածների: Արժանացել է ՀԳՄ Մ. Նալբանդյանի անվան մրցանակի (1991), ՀՀ Մովսես Խորենացու մեդալի (2003):

Մեկնաբանություններ չկան

Դասախոսություն «Մուսալեռցիներն այսօր» թեմայով

Դասախոսություն «Մուսալեռցիներն այսօր» թեմայով

Մայիսի 27-ին «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի ակումբում տեղի ունեցավ դասախոսություն «Մուսալեռցիներն այսօր» թեմայով: Դասախոսության հեղինակն էր «Մուսալեռան հերոսամարտի 100-ամյակ»-ի կենտրոնական մարմնի նախագահ, Այնճարցի Եսայի Հավաթեանը:

Եսայի Հավաթեանը ներկայացրեց մուսալեռցիների ողջ պատմությունը՝ ծագումից մինչև այսօր: Նա համառոտ ներկայացրեց Մուսա լեռան հերոսամարտի հիշարժան դրվագները:
Մանրամասն ներկայացվեց Մուսալեռան հերոսամարտի 100-ամյակին նվիրված ձեռնարկների և միջոցառումների ծրագրերը: Եսայի Հավաթեանը հորդորեց Մուսալեռան կազմակերպություններին համակարգել աշխատանքները՝ դրանք ավելի արդյունավետ դարձնելու համար:

Դասախոսության ընթացքում Հավաթեանը պատասխանեց ներկաներին հուզող բազում հարցերին:
Հանդիպմանը ներկա էին նաև Կանադայից ժամանած Հակոբ և Անի Ջանբազյանները, ովքեր իրենց ելույթում քաջալերական խոսքեր ուղղեցին երիտասարդական թևին:

Դասախոսություն «Մուսալեռցիներն այսօր» թեմայովԴասախոսություն «Մուսալեռցիներն այսօր» թեմայով

Մեկնաբանություններ չկան

Զորակցության կոչ Քեսապահայությանը

Զորակցության կոչ Քեսապահայությանը

Հայաստանի «Մուսալեռ» Հայրենակցական միությունը անհանգստացած է Սիրիայի հայաբնակ Քեսապի և նրա շուրջ ստեղծված իրավիճակով:

Նկատի ունենալով, որ անցած դարի սկիզբներին մենք՝ Մուսալեռցիներս ճաշակել ենք հայրենազրկման դառնությունը և դրա հետևանքները, ամբողջ աշխարհի Մուսալեռցիների անունից հայտնում ենք մեր աջակցությունը Քեսապցի հայրենակիցներին և կոչ ենք անում ՀՀ իշխանություններին գործադրել իրենց դիվանագիտական հնարավորությունները՝ ապահովելու տարածաշրջանի հայերի անվտանգությունը և Քեսապցիների վերադարձը իրենց հազարամյա բնօրրան-բնակավայրերը:

«Մուսալեռ» Հայրենակցական միություն

Մեկնաբանություններ չկան