Վերլուծական հոդված Մուսա լեռան հուշարձանի մասին


Սիրելի Հայրենակիցներ,

Ստորեվ ձեզ ներկայացնում ենք ճարտարապետ Դավիթ Ստեփանյանի վերլուծական-մեկնաբանական հոդվածը Էջմիածնի ճանապարհին կառուցված Մուսա Լեռան Հուշարձանի մասին:

«ՄՈՒՍԱԼԵՌ» Հայրենակցական Միության երիտասարդական թևի վարչություն

Մուսա Լեռան Հուշարձանը

ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ

Ապարանի, Հաճընի և Մուսա Լեռան հուշարձանները կարծես հերոսական եռապատում լինեն, որոնք ամբողջացնում են Ռաֆայել Իսրայելյանի վերջին շրջանի ճարտարապետական խոսքը:

Համանուն վայրերում առանձին կանգնած այս կոթողները շատ տարբեր են միմյանցից, բայց ունեն նաև խիստ որոշակի ընդհանրություններ: Երեքին էլ բնորոշ է քանդակայնությամբ ու պատմողականությամբ հագեցած հորինվածքը, որտեղ կարևորվում և կառույցի անբաժան, օրգանական մաս են կազմում ճարտարապետագեղարվեստական մանրամասները: Մոդեռնիստական հղկվածությունը, որն Իսրայելյանի մոտ, ինչպես միշտ,  զերծ է օտարամուտ տարրերից, և ներկայանում է մաքուր, հայկական ոճավորմամբ, սրանցում առավել ցայտուն է արտահայտված վաղ շրջանի գործերի համեմատ: Հուշարձանների հերոսական բնույթի ընկալմանն է նպաստում քարի սև կամ կարմիր գույնի ընտրությունը:

Այս երեք կոթողը մոտ են նաև իրենց մասշտաբային չափերով:

ՀուշարձանԿամար

Միջավայրի մեջ, սակայն, ամենաիշխող տեսքն ունի Մուսա լեռան կոթողը, որն իր վառ կարմրավուն երանգով առանձնանում և աչքի է ընկնում տեղանքում:
Դեռ հեռվից ուրվագծվում է նրա հորինվածքը, որպես մի ծանր, սեղանաձև քարաբեկոր՝ ամուր ու հաստատուն կանգնած հողի վրա: Այն օժտված չէ դինամիկ նկարվածքով, ինչն անհանգիստ մարտական տրամադրություն է արտահայտում մյուս երկու կոթողներում և, հատկապես ազդեցիկ է արված Ապարանի հուշարձանի հյուսիսային կողմի վրա: Սակայն ստատիկ կեցվածքն այստեղ առավել շեշտում է անառիկության ու անսասանության գաղափարը:

Երևանից Էջմիածին տանող մայրուղուց դեպի աջ թեքվող ճանապարհը բերում է հուշարձանի մոտ բարձրացող աստիճանների ստորին հարթակի մոտ: Պարզ ու հասարակ բազալտե աստիճաններ են դրանք, որոնք այցելուին ստիպում են որոշակի տարածություն հաղթահարել Արարատյան դաշտավայրի կիզիչ արևի ներքո: Առջևում հուշարձանի խուլ զանգվածն է՝ կենտրոնական մասում արտահայտված մեծ որմնաքանդակով: Վահանի նման պատսպարող ու անդրադարձնող կերպար կա մեկ հարթությամբ վեր խոյացող այդ քարե մակերևույթի մեջ:
Խիստ ու չոր նրա պատկերը կարծես նաև արտացոլումը լինի տափաստանային տեղանքի: Ամեն կարգի էկզոտիկ ելևեջներից զուրկ հարթավայրը միավորվելով երկնքի հետ՝ ֆոնային համադրություն է դառնում հեռանկարում միակ բնական դոմինանտ հանդիսացող Արարատ լեռան համար: Այս համայնապատկերի վրա տեսարան է բացվում հուշարձանի փռված կամարային բացվածքից, որը տվյալ ճակատի միակ ցայտուն ծավալային փորվածքն է: Նման ձեռագիր է թողել Իսրայելյանը նաև Չարենցի կամարում, միայն թե այնտեղ կամարաձև շրջանակը գլխավոր փիլիսոփայությունն է ամբողջ կառույցի: Այստեղ նույն ստվերապատ մուտքն առավելապես հրավիրող ու կանչող նշանակություն ունի: Առանց նրա՝ վանող ու միապաղաղ կդիտվեր պատի խլությունը:
Սրբատաշ շարվածք ունեցող հսկա պատերը վերնամասում ամեն կողմից շեշտված ավարտ ունեն, և նույնացվում են բերդապարսպի աշտարակի հետ: Սակայն մայրուղուն նայող եռատամ վերջավորության վրա պատկերված արծվի ուրվանկարն ամբողջ հորինվածքը դարձնում է կանգնած արծվի մի քանդակ: Պատահական չէ այս դեպքում՝ կամարի փռված լինելն ու սեղանաձև ծավալի հիմքի մասում լայնանալը: Որևէ ուրիշ տիպի բացվածք չէր կարող արտահայտել արծվի հաղթական կեցվածքը: Դասական, սլացիկ կամարի դեպքում, օրինակ, արծիվը երկչոտ կանգնվածք կունենար:
Հուշարձան

Կոնստրուկտիվ աշխատանքի տեսանկյունից, եթե դիտարկենք՝ կամարի տարահրման ուժը մեծանում է նրա փռվածքին համարժեք չափով: Այս դեպքում տվյալ բացվածքը երկու կողմից էլ ունի պատերի բավարար երկարություն՝ լարմանը դիմակայելու և կամարից եկող տարահրման ուժը մարելու համար: Պատերի այդ երկարություները վիզուալ առումով ընկալվում են, որպես “արծվի” ոտքերի հաստություններ: Կարելի է ասել, որ լարվածության ու ամրության հաշվարկը մեկնաբանված է գեղագիտորեն, և “արծվի հզորր ոտքերը հաստատակամորեն հենված են հողի վրա”:
Հուշարձանի կամարներն իրականում երեքն են: Դրանք հստակորեն արտահայտելով կառույցի տեկտոնիկան՝ իբրև կրող պատերի բացվածքներ, հոգեբանորեն ևս հուսալիության զգացում են ներշնչում:
Կառույցի ձևի մեջ ակամա կարելի է հայտնաբերել Սարդարապատի հուշահամալիրի քանդակազարդ պատի, կամ Էջմիածնի բակում տեղադրված խաչքարի վրա պատկերված արծվների նույն կեցվածքն ու համաչափությունները: Ոտքերն ուսերի լայնությամբ բացած, իրանով ուղղահայաց, դեմքով պրոֆիլային պատկերված արծիվներ են դրանք, որոնց կարելի է հանդիպել նաև հեղինակի բազմաթիվ էսքիզներում:

Արծիւ

Ճարտարապետությունը քանդակի մեջ տեսնելու իսրայելյանական մոտեցումը ամենավառ կերպով իրականացվել էր Սարդարապատում՝ ցուլերի ու պահապան արծիվների տեսքով: Բայց այնտեղ քանդակ են՝ առանձին կանգնած պատերն ու ստելաները: Մուսա Լեռան կոթողը քանդակ է ամբողջ կառույցի:
Կատարողական առումով սկզբունքային մի հետարքրքիր տարբերություն կա այս երկու հուշահամալիրներում: Սարդարապատը՝ քանդակային ճարտարապետություն է, Մուսա Լեռը՝ ճարտարապետական քանդակ: Նրանում քանդակն արտահայտված է մաքուր ճարտարապետական լուծումներով: Միայն դեկորատիվ փորագրությունն է սրամտորեն հուշում, որ ամբողջ ծավալը միաժամանակ համատեղվում է առասպելական թռչնի կերպարին:
Արծվի տեքով անառիկ այս ամրոցը սիմետրիայի և ասիմետրիայի համադրման զուսպ ու հետարքրքիր լուծումներ ունի: Խիստ սիմետրիկ նկարվածքներով երկու հիմնական ճակատը տարբեր են իրարից, կողային ճակատները նույնն են, բայց ասիմետրիկ են: Արդյունքում սիմետրիային բնորոշ հստակությամբ ու ծանրությամբ հագեցած հուշարձանը, չկրկնվող դիտակետեր և անկյունային կողմերից ավելի ազատ նկարվածք ունի:

Հուշարձանը տարբեր կողմերից

Ցայտուն է արտահայտված ժողովրդական ճարտարապետության ոգին հատկապես հյուսիսային ճակատի վրա: Նորից ամրոցային ոճավորմամբ մշակված, բայց ավելի ջերմ ու հյուրընկալ տեսարան է բացվում այս կողմից: Պատային հարթությունների՝ իրար հաջորդող հերթագայության շնորհիվ, ամբողջովին ընթեռնելի է դառնում կառույցի ծավալատարածական հորինվածքը՝ հարստանալով լույս ու ստվերային անցումներով: Արտահայտիչ է երկու կողմից բարձրացող քարե աստիճանների բազրիքը, որը կամարաձև բացվածքի վրա գեղեցիկ հայկական շքամուտք է ձևավորում:
Կենտրոնական, առանցքային մասում տեղակայված թանգարանի մուտքի դուռը կոմպոզիցիոն առումով դիտվում է, որպես տվյալ ճակատի սիմետրիան շեշտող և ներքևի շքամուտքային մասն աշտարակաձև վերնամասի հետ կապող, հավաքող մի հանգույց:
Ներսի տարածությունն ամբողջովին քարապատ է, և իրենից ներկայացնում է խուլ պատերի մեջ ընկած, ձգված, ուղղանկյուն մի ծավալ, որտեղ միակ լույսի աղբյուրը բարձր առաստաղի տակ գտնվող 4 քառակուսի լուսամուտն են: Ֆոլկլորային իմաստ փնտրելու դեպքում՝ այս 4 լույսը կարելի է խորհրդանշական դիտել: Մուսա Լեռան ինքնապաշտպանության 40 օրվա ընթացքում 4 թեժ հարձակում է տեղի ունեցել թուրքերի կողմից, որոնք ավարտվել են հայերի ջախջախիչ հաղթանակով:

Դրսից նայելիս՝ ուշագրավ են լուսամուտների կողքերից վեր խոյացող ատամնավոր ելուստերը, որոնք թեպետ՝ առավելապես ընկալվում են, որպես ամրոցային էլեմենտներ, բայց իրենց մասշտաբայնությամբ և ընգդծված պարզ քիվային ավարտով խաչքարի համաչափություններ են հիշեցնում: Նման ատամնաշարեր ունեին Կիլիկյան Հայաստանի ամրոցները: Էսքիզային աշխատանքներում կան սրանց նախշազարդ տարբերակները:

Կիլիկյան ամրոցների նմանություն

Ճարտարապետական կառույցի վրա դրվագներով բացահայտվող և յուրովի մեկնաբանված խաչքարի մշակումներ՝ շատ դեպքերում խուլ, միայն ուրվագծով արտահայտված, հետագայում տարածում գտան Իսրայելյանի դպրոցի լավագույն շարունակող Ջիմ Թորոսյանի գործերում:
Մուսա Լեռան հուշարձանն առանձնահատուկ է իր կատարման մաքրությամբ, լակոնիզմով, ծավալների մասշտաբային համապատասխանությամբ: Հավանաբար ավելի հաջողված կլինեյին նաև գեղարվեստաարտահայտչական մանրամասները, եթե վարպետը հասցներ տեսնել իր նախագծի իրականացումը: Թվում է, թե ավելի հմտորեն կներգծվեր արծվի կիսադեմն ուղղանկյուն ընդհանուր ծավալին, նաև կենտրոնական որմնաքանդակի մեկ այլ տարբերակ, գուցե, կլիներ այդ նույն ճակատի վրա: Արա Հարությունյանի աշխատանքը, չնայած վարպետորեն կատարմանը, երկրորդ ձեռագիր ու տրամադրություն է մտցնում ստեղծագործության մեջ:
Հուշարձանի ծավալատարածական յուրահատկություններից են քարի մեծ մակերեսներն ու նրանց ողղանկյուն, սուր եզրեր գոյացնող անցումները: Այդ անխոռոչ պատային հարթություները պարփակվածության, կարծրության ու անմատչելիության զգացողություն առաջացնելով՝ միաժամանակ վեհություն ու հանգստություն են ներշնչում:
Կառույցի ծանր կերպարն ամենից շատ աշխուժացնում և դրան մոնումենտալություն են հաղորդում “արծվի” թևերը, որոնք համընկնում են կողային ճակատներին և ունեն ամբողջ բարձրությամբ ձգված երեքական հզոր նիստ: Որպես կոշտության կողեր՝ դրանք բարձրանում են կրող պատի վրա, որը դուրս է գալիս ընդհանուր ծավալից որոշակի թեքությամբ:

Մուսալեռան Հուշարձան

Մի տեսակ պատի այդ թեքությունը հիշեցնում է Կիլիկյան հայաստանում առաջինը կառուցված, նույն հերոսամարտին նվիրված հուշարձանի մի հատվածը, որը ֆրանսիական փրկարար նավի պատկերն էր ներկայացնում: Այդ հուշարձանն ավիրվել է, կա միայն նրա լուսանկարը, որի զարդաքանդակն Իսրայելյանն արել է թանգարանի մուտքի ճակատային մասում:
Արարատի դիմաց կանգնած կոթողը ինչ որ նմանություն ունի նաև Կիլիկյան Հայաստանում մնացած Մուսա լեռան հետ: Ծովափին կանգնած լեռը նորից սեղանաձև ուրվագիծ և թեթևակի նշմարվող եռագագաթ ավարտ ունի:

  1. Մեկնաբանություններ չկան
(չի հրապարակվում)
:good: 
:bye: 
:negative: 
:scratch: 
:wacko: 
:yahoo: 
B-) 
:heart: 
:rose: 
:-) 
:whistle: 
:yes: 
:cry: 
:mail: 
:-( 
:unsure: 
;-)